Մենք շփվում ենք «Ժառանգության» մեր գործընկերների հետ և այդ շփման մեջ պոզիտիվ ենք տրամադրված՝ ասել է «ԵԼՔ» դաշինքի կազմում ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ «Ժառանգությունը» զուգահեռ բանակցում է «Ծառուկյան» դաշինքի և Օսկանյան-Դալլաքյան դաշինքի հետ, Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարող ասել ուրիշների հետ բանակցություններ վարում են, թե ոչ»: Նա նշեց, որ այս պահին «ԵԼՔ»-ը բանակցում է միայն «Ժառանգության» հետ է, այլ ուժերի հետ շփումներ չկան: «Մեր դաշինքի ցուցակը ձևավորվելու է երեք կուսակցությունների ցուցակների համադրությամբ, այսինքն` այդ ցուցակներում կուսակցությունները օրենքով սահմանված չափով ազատ են որոշակի տեղեր հատկացնել այլ թեկնածուների, այդ թվում անկուսակցական»,- ասաց Փաշինյանը: